Այս էջը հաստատված է

որո՞ւն վրա ծռեի…: Նույն միջոցին տղաս փողոց ելած էր ու քանի մը գնդակ մեկեն թնդացին, ու ես չգիտցա, թե ո՞ր գնդակն էր տղաս զարնողը»:

Միջոց մը կարտասվեի հառաչագին ու իր խոսքերը կկորսվին: Հետո իր արյունով լեցուն աչքերուն արհավիրքը սևեռած մեզի,պաղատանքով կմրմնջե.

«Քրիստոսը մեր կրակը չցուցնե ձեզի, անմարելի կրակ է, անմարելի՜… աչքերս բոլորովին կուրնային, թերևս ա՛լ չտեսնեի այն պատկերը, որ տեսա այդ օրը… ականջներս խուլնայի՜ն, թերևս ալ չլսեի գնդակներուն ձայնը, որ լսեցի այն օրը… մեկ հատ մը չէ, որ մեկ հատին վրա լաս: Ո՞ր մեղքերնուս պատիժն էր աս, Աստվա՛ծ, ի՞նչ ոխ է քու ոխդ մեզի դեմ, որ արյունով ու արցունքով չմարեցավ. գոնե ղրկած ցավերուդ հետ Հոբին համբերանքեն համբերանք մը տուր մեզի…»:

Ու ջլատված՝ աչքերը կխոնարհեցնե ու կեզրակացնե.

«Մինչև գերեզման չիջնանք, այս ցավը չենք մոռնար»:

Երկար ատեն կուլա այդպես ու հանկարծ կդադրի, կխոսի իր հարսերուն վրա ու մանավանդ իր որբերուն վրա. չորսն ալ մանչ են ու կորյունի պես առողջ:

«Պիտի ապրիմ ու հայրենիք տանիմ զանոնք, ու պիտի պատմեմ, թե ինչ մահով մեռան իրենց հայրը, մեծ հայրը ու մորեղբայրները»:

Արցունքներուն ետևեն կենսավետ հրայրք մը կճառագայթե, անմիջապես կկառչինք իր այդ զգացումին. կհարցնենք իրեն, թե ինչի՞ պետք ունին ճամփա ելլելու համար: Կծրարենք այնքան հագուստ և վերարկու, որ կրնանք, ու, ջղագրգռված ցավի և հույսի հակասական զգացումներով, կխոսինք իր որբերուն վրա, իր չորս մատղաշ մանչերուն վրա:

Կինն իր դողդոջուն ու վարանոտ ձեռքերով կկապե ծրարները. շատ բան կպակսին. իր պահանջներուն քով մեր տվածը ոչինչ բան է: Աղետի օրերեն ի վեր անպատսպար և թափառական, խղճալի վիճակի են հասեր. «Շապիկը կռնակնուս վրա մաշեցավ, բայց որի՞ն